Րաֆֆի՝ Դավիթ Բեկ | |
Փարիշանը քահանայի աղջիկ էր. նա թեև կարդալ չէր իմանում, բայց բավական զարգացած էր. հոր տան դաստիարակությունից նա պահել էր շատ բան, շատ լուսավոր հայացքներ կյանքի ու նրա պայմանների վրա: Երբեմն հայոց աղջիկները զանազան մանգոների, ապաղաների, արզունների, բաթուների և մոնղոլական այլ թագավորների կանանոցներում առաքելուհիների սրբազան պաշտոն էին կատարում, իրանց գեղեցկության և սիրո հետ մտցնում էին քրիստոնեությունը կռապաշտ թագավորների պալատներում: Բայց մահմեդականության խավար մոլեռանդությունը սպանեց հայ աղջիկների այդ եռանդը, նրանք այնուհետև մեծ զոհաբերություններով կարողացան պահել իրանց կրոնը միայն, այն ևս գաղտնի կերպով: Փարիշանը մնացել էր հայ և քրիստոնյա. այդ գիտեր նրա տիկինը միայն, որ ինքը նույնպես պահպանել էր քրիստոնեությունը: Այդ կրոնական ամուր կապը աղախնի ու իր տիկնոջ առիթ էր տվել նրանց մտերմությանը: Այդ էր պատճառը, որ տիկինը այնպես ընտանեբար և համարձակ կերպով թափում էր Փարիշանի առջև իր սրտի ցավերը:
Աղախինը ետևից սանդրելով տիկնոջ գիսակները, անցավ նրա առջևի կողմը, սկսեց ճակատի վրա թափված փոռիկներից************************ զանազան խոպոպիկներ ոլորել: — Խանը մազերի հյուսվածքի այդ ձևը շատ է սիրում, — ասաց նա, ճարպիկ մատներով շարունակելով իր գործը: — Հիշո՞ւմ եք, տիկին, այն ժամանակ ասաց խանը` «Այդ գանգրավոր փոռիկները խիստ սազ են գալիս քո երեսին». ես դեռ չեմ մոռացել նրա խոսքերը:
— Ես ոչինչ չեմ հիշում, — պատասխանեց տիկինը տխուր ձայնով:
Աղախնի մտաբերած «այն ժամանակը» վեց ամիս առաջ էր, այնուհետև խանը ոչ մի անգամ չէր մտել Զուբեյիդա խանումի բնակարանը: Այս գիշեր միայն հերթը նրան էր հասել... Այս գիշեր միայն ներքինապետը, այն ևս շատ ուշ, նրան իմացում տվեց հարեմի իշխանի այցելության մասին:
— Դե շուտ արա՜, երկար մի տանջիր ինձ, — ասաց տիկինը, ձանձրանալով աղախնի հնարած չափազանց պաճուճանքներից:
— Իսկույն, իսկույն կվերջացնեմ, — պատասխանեց աղախինը: — Մնում է ձեր հոնքերին բասմա†††††††††††††††††††††††† դնել, աչքերին սուրմա‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ քաշել, հագցնել ձեզ, և դուք բոլորովին պատրաստ կլինեք:
Նա սկսեց փետուրը թաթախել ինչ-որ հեղուկի մեջ և նրանով վարպետությամբ ներկել տիկնոջ հոնքերը, որ առանց դրան ևս սև գույն ունեին: Միայն հարկավոր էր նրանց աղեղի ձև տալ, ծայրերը փոքր-ինչ երկարացնել, իսկ մեջտեղում հոնքերի երկու կամարները միմյանց հետ միացնել:
Այդ գործողությունը կատարելու միջոցին հանկարծ լսելի եղավ թնդանոթների բոմբյունը: Ամբողջ ամրոցը սարսափելով դղրդաց: Սոսկաց և տիկինը: Սոսկումից նրա գլուխը դողդողաց, և փետուրյա վրձինը շեղվելով իր ուղղությունից, ձգեց նրա մարմարիոնի նման սպիտակ ճակատի վրա մի անկանոն սև գիծ:
— Ո՛ւֆ, հոգիս դուրս գար, այդ ի՛նչ եղավ, — գոչեց աղախինը ինքն ևս սոսկալով, երբ նկատեց, որ իր բոլոր աշխատությունները տիկնոջ հոնքերը գեղեցկացնելու վերաբերությամբ ապարդյուն եղան: — Բայց ես մեղավոր չեմ, տիկին, եթե դուք թնդանոթների ձայնից չվախենայիք և ձեր գլուխը ուղիղ պահեիք, իմ ձեռքը երբեք չէր սխալվի: Վնաս չունի, ես իսկույն կսրբեմ այդ անկանոն գիծը, նրա հետքն անգամ չի մնա: Բայց դուք աշխատեցեք չվախենալ և ձեր գլուխը չդողդողացնել, երբ մյուս անգամ կլսեք թնդանոթների որոտը:
— Ես կաշխատեմ... — պատասխանեց տիկինը վշտալի ձայնով: — Ես որոտից ու կայծակից անգամ սոսկալու իրավունք չունեմ, երբ ինձ զարդարում են իմ իշխանի զվարճության համար: Ես զգացմունքից զուրկ մի առարկա եմ: Աշխարհի կործանման րոպեում անգամ, երբ իմ տերը ցանկանում է ինձանով ուրախանալ, ես պիտի խեղդեմ իմ սրտում իմ բոլոր զարհուրանքը և պիտի պատրաստվեմ նրան ուրախացնելու... Այդպես է մեր վիճակը, Փարիշան: Նայիր, այնտեղ, մեզանից փոքր-ինչ հեռու, արյուն և արտասուք է հոսում: Մայրերը գրկած իրանց զավակներին, աղաչում են, որ իրանց սպանեն և խնայեն որդուն: Այնտեղ թշնամու սուրը մահ է տարածում, իսկ այստեղ ի՞նչ է կատրվում...
— Այստեղ բռնակալի գազանային կրքերի համար մի զոհ է պատրաստվում... — պատասխանեց աղախինը, չկարողանալով զսպել իր բարկությունը:
Աղախինը ջրով թրջեց մի սպիտակ շորի կտոր և զգուշությամբ սկսեց սրբել անկանոն սև գիծը նրա ճակատից: Հոնքերի ներկելը ավարտվեցավ, մնում էին աչքերը:
Նա փղոսկրյա բարակ դեղտիրը թաթախեց մի փոքրիկ պարկի մեջ, որ շինված էր հավի ոտքի կաշուց: Դրա մեջ ածած էր սուրմայի սև փոշին: Հետո դեղտիրը վարպետությամբ տարավ աչքերի երկու կոպերի միջից: Այդ գործողությունից հետո կոպերի եզերքը ընդունում էին իրանց վրա սև փոշին, և աչքերին այնպիսի արտահայտություն էին տալիս, կարծես թե նրանք նշաձև սև շրջանակի մեջ դրված լինեին: Բայց աղախինը զարմացավ, երբ նկատեց, որ այդ անգամ սուրման ամենևին չէր բռնում. աչքերից բխած հեղուկը ողողում էր, տանում էր սև փոշին: Տիկինը լաց էր լինում:
— Լավ, լավ, — ասաց նա դեղտիրը մի կողմ դնելով, — ձեր աչքերը այնքան սև են, ձեր թեթերունքը այնքան խիտ են, որ սուրմայի կարոտություն չունեն: Հիմա մնում է ձեզ հագցնել: Այդ շապիկը պետք է փոխեք. նա բավական երկար է և թանձր: Խանը սիրում է կարճ և թափանցիկ շապիկներ, որոնց տակից մարմնի բոլոր գեղեցկությունները երևոմ են:
— Ես ատում եմ այդ խայտառակությունը...
— Այդ ուրիշ բան է, որ դուք ատում եք, բայց դուք պետք է հագնեք այն, ինչ որ նրան է դուր գալիս:
Փարիշանը առանձին նպատակ ուներ իր տիկնոջը այս գիշեր ավելի թովիչ, ավելի հրապուրիչ կերպարանքով ներկայացնելու խանին, զբաղեցնել նրան այդ գեղեցիկ արարածով, մոռանալ տալ նրան իր բոլոր հոգսերը, իսկ հետո՛, — հետո ինքը գիտեր, թե ինչ պիտի աներ...
Տիկինը չընդդիմացավ. նա թույլ տվեց, մի անզգա խրձիկի նման, որ աղախինը ինչ որ կամենում է, անե իր հետ: Նա գիտեր հարեմական կարգերը, որոնց դեմ մեղանչել, բողոքել անհնարին էր: Պետք էր միայն հնազանդվել:
Աղախինը հագցրեց նրան մի թափանցիկ շապիկ, որ կարված էր մետաքսյա նուրբ կերպասից, բաց-կարմիր գույնով, որի վրա բանված էին հասմիկի մանր, մանիշակագույն ծաղիկներ: Օձիքը զարդարած էր մարգարիտներով, թևքերի բերանները զարդարած էին ոսկյա փոքրիկ հուլուններով, իսկ ստորին եզերքը շարած էին ոսկյա դրամներով, որոնք ամենաթեթև շարժման միջոցում զնգզնգում էին, ձայներ էին հանում: Շապիկի ճեղքը, որ իջնում էր ուղղակի երկու ստինքների միջից, տեսանելի էր կացուցանում նրա սպիտակ, լիքը կուրծքը, որի վրա երևում էին արհեստական խալեր: Շապիկի վրայից հագցրեց երկնագույն թավիշից կարված կարճ չափքանը, որի եզերքը զարդարած էին ոսկեթել բանվածքներով, և որը, սեղմված վայելչահասակ իրանի վրա, երևան էր հանում նրա կազմվածքի բոլոր գեղեցկությունները: Հետո միմյանց վրա հագցրեց մի քանի ուռուցիկ շալվարներ, որոնք յուփկաների ձև ունեին, և կարծես, պատրաստված լինեին երկնքի թափանցիկ ամպերից, որոնց միջոց կարելի է նշմարել բնության հրաշալիքը... Շալվարների ստորին եզերքը չորս մատ լայնությամբ զարդարած էին մանր, արծաթյա և ոսկյա փողիկներով: Ծնկներից ցած, ոտների մնացած մասը բոլորովին մերկ էր մնում, որովհետև շալվարները սքողում էին մինչև ծնկները միայն:
— Ձեր սրունքների վրա պետք է կապել սև հուլուններ, որովհետև սևը սպիտակ մարմնի վրա շատ սազ է գալիս, — ասաց աղախինը, երբ վերջացրեց իր տիկնոջ հագցնելը:
— Իսկ սև սրտի վրա ի՞նչ է սազ գալիս, — հարցրեց տիկինը տխուր ժպիտով:
— Այդ խոշոր մարջաններից շարած, կարմիր մանյակը, — պատասխանեց աղախինը նույնպես ժպտալով:
— Այո՜, ուղիղ այդպես է, երբ մենք ստիպված ենք մեր հոգեկան բոլոր վերքերը, բոլոր ցավերը ծածկել գեղեցիկ, փայլուն կեղևի տակ...
Տիկնոջ աչքերը դարձյալ լցվեցան արասուքով:
— Մի՜ լաց լինիր, հոգիս, — աղաչում էր նրան աղախինը. — ի՞նչ լաց լինելու ժամանակ է. ձեր աչքերի սուրման բոլորովին կկեղծվի:
Տիկինը սկսեց խուլ կերպով հեկեկալ: Լինում էր րոպեներ, երբ մարդ մի առանձին թեթևություն է զգում, երբ լաց է լինում, բայց ինչո՞ւ համար է լաց լինում, -ինքն իրան հաշիվ տալ չէ կարող: Բայց տիկինը գիտեր, թե ինչու համար է լաց լինում. նա խիստ խորին պատճառներ ուներ լաց լինելու...
— Բավական է, — դարձյալ աղաչում էր աղախինը. — այդպես չէ կարելի, մի քանի րոպեից հետո կհայտնվի խանը, ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե ձեզ այդ դրության մեջ կտեսնե:
Փարիշանը բավական խելացի էր, և մանավանդ, խիստ նուրբ ճաշակ ուներ: Հանգստացնելով իր տիկնոջը, նա սկսեց լրացնել նրա մնացած զարդարանքները: Մարջանի խոշոր հատիկներից կազմված մանյակը, որ մի քանի տակ անցկացրեց նրա պարանոցով, և որի շարքերը իջնում էին նրա կիսամերկ կուրծքի վրա, մի առանձին հրապույր, մի առանձին կախարդիչ գույն տվեցին նրա գեղեցկությանը: Իսկ սև հուլունների շարքը նրա կլորին սրունքների վրա սքանչելի տեսք ունեին:
— Ո՞ւր են ձեր գոհարեղենները, — հարցրեց նա, երբ նկատեց, որ գոհարեղենների արկղիկը իր տեղումը չէր:
— Ես նրան կոտրեցի, մի՞թե դու չտեսար, — հարցրեց տիկինը:
— Տեսա, հիմա ո՞րտեղ են:
— Ածել եմ այն մեծ սնդուկի մեջ, որ դրած է այն պատուհանում:
Աղախինը բաց արեց ցույց տված սնդուկը, դուրս բերեց ինչ որ պետք էր տիկնոջ պաճուճանքի համար: Այնտեղ կային ոսկյա ծանր ապարանջաններ, կային ոսկյա մատանիների թանկագին ակներով, կային զանազան տեսակ մեծ և փոքրիկ քորոցներ ալմատյա և մարգարտյա գլխիկներով, կային թևքերի վրա կապելու բազբանդներ, — բոլորը իրանց պատշաճավոր տեղերը բռնեցին նրա մարմնի վրա:
Երբ ամեն ինչ վերջացած էր, տիկինը հեռացավ հայելու առջևից, նստեղ մի փոքրիկ թախտի վրա, բոլորովին հոգնած, ջարդված, կարծես թե, վաստակած և նվաղած լիներ մի ծանր աշխատությունից: Այդ միջոցին Փարիշանը վեր առեց վարդաջրի սրվակը, սկսեց անուշահոտ հեղուկով ցողել սենյակի շուրջը:
Մինչ այստեղ զբաղված էին փառավոր պատրաստություններով, կանանոցի բակը ներս մտան երկու հոգի: Մեկը առջևից տանում էր գույնզգույն լապտեր, մյուսը գալիս էր նրա ետևից: Վերջինը խանն էր, իսկ լապտերը բռնողը` ներքինապետը, որին կոչում էին Կզլար-աղասի, այսինքն աղջիկների վրա իշխող: Դա մի բարձրահասակ արաբ էր, վայրենի դեմքով և հսկայական կազմվածքով: Գլխի և երեսի սպիտակ մազերը սև կաշու վրա ավելի սարսափելի էին դարձնում նրա կերպարանքը: Գոտիից քարշ էր գալիս նրա ծանր սուրը:
— Ինչպե՞ս են ձեզ մոտ, — հարցրեց խանը:
— Ձեր մեծության շնորհիվ բոլորը լավ են, ապրում են հանգիստ իրանց օթյակներում, այնպես անմերձենալի, այնպես փակված, որպես հավի ճուտը ձվի կեղևի մեջ, — ասաց Կզլար-աղասին, ինքն էլ զարմանալով իր տգեղ համեմատության վրա: — Միայն դրսի խռովությունները փոքր-ինչ վախեցնում են իմ գառնուկներին:
— Այդ ոչինչ, էգուց առավոտյան բոլորին վերջ կդրվի, — պատասխանեց խանը: — Միայն դուք այս գիշեր փոքր-ինչ զգաստ եղեք մինչև լուսանալը:
— Կզլար-աղասին մեռած չէ, նա հարյուր աչքեր ունի, — պատասխանեց ներքինապետը խրոխտալով: — Իմ տիրոջ շնորհիվ ծիտն էլ չէ կարող նրա կանանոցի վրայից համարձակ թռչել:
Խանի ամրոցի, մանավանդ կանանոցի պահապանները մեծ մասամբ ծերացած մարդիկ էին: Արևելքցին մի առանձին հարգանք ունի դեպի ծերությունը, և նրան ամենայն հավատարմության արժանի է համարում: Բայց անապատի արաբը այնքան երկարակյաց է լինում, որքան Նեղոսի կոկորդիլոսը: Այդ կետից նայելով, «աղջիկների վրա իշխողի» խրոխտալը բոլորվին անտեղի չէր. նա իր ծերության հասակում պահպանել էր թե՜ երիտասարդության ուժը և թե՜ քաջությունը:
Այսպես խոսելով նրանք անցան կանանոցի բակից, մոտեցան Զուբեյիդա խանումի կացարանի դռանը: Ներքինապետը այստեղ կանգնեց, իսկ խանը առաջ անցավ, մտավ նախասենյակը, ուր տիկինը քաղցր, փաղաքշական խոսքերով ընդունեց նրան և ներս տարավ իր սենյակը: Խանը նստեց իր համար պատրաստված փառավոր օթոցի վրա: Նա բարեհաճեց հարցնել տիկնոջ առողջությունը:
— Իմ առողջությունը, իմ կյանքը, — պատասխանեց տիկինը, — կախված է իմ տիրոջ ողորմածությունից. նրա մի քաղցր հայացքը ինձ անմահություն կբաշխե, նրա մի խոսքը կփարատե իմ սրտից աշխարհի բոլոր դառնությունները: Ես նրանով եմ ապրում: Եթե մեռած ևս լինեմ, եթե նա ոտք կոխելու լինի իմ գերեզմանի վրա, ես իսկույն հարություն կառնեմ: Իսկ այսօր ո՜րքան բախտավոր եմ ես, որ նա բարեհաճեց ոտք կոխել իմ օթևանի անարժան շեմքի վրա: Թո՜ղ օրհնյալ լինի աստված, թող օրհնյալ լինեն նրա սուրբերը:
Տիկնոջ փոքրիկ ճառը չափից դուրս գրավեց խանին: Նա հարեմի իշխանի և կնոջ «տիրոջ» բարձրությունից իջավ ամուսնի աստիճանի վրա: Նա անկեղծությամբ բռնեց տիկնոջ ձեռքից, և նստացնելով իր մոտ ասաց.
— Զուբեյիդա, դու այնքան խելացի ես, քո մեջ այնքան հարուստ հոգեկան գանձեր կան, որ չէ կարելի քեզ չսիրել: Դու այն կենդանի աղբյուրն ես, որ բխում է Սահարայի ընդարձակ անապատի օազիսի մեջ, և դեպի որը խորին փափագով վազում է հոգնած, նվազած ուղևորը իր ծարավը հագեցնելու համար: Դու այն բարերար արմավենին ես, որ հագեցնում է Յամենի ավազուտներում թափառող, սովատանջ ճանապարհորդի քաղցը: Ես այդ անբախտներից մեկն եմ, Զուբեյիդա: Ճակատագիրը հալածում է ինձ: Ես վազեցի քեզ մոտ փոքր-ինչ կազդուրվելու, փոքր-ինչ փարատելու իմ սրտի ցավերը: Ես վազեցի քեզ մոտ ապաստան գտնելու...
Տիկինը բոլորովին ապշած էր մնացել: Նա իր ականջներին չէր հավատում, որ այդ խոսքերը արտասանում է այն խիստ, գոռոզ, վայրենի մարդը, որին կյանքի փափուկ կողմերը ամենևին ծանոթ չէին, որը սովորած էր միայն իշխել, հրամայել և ամեն մի ազնիվ զգացմունք իր ոտքերի տակ ջարդուփշուր անել: Այժմ այդ ի՜նչ անբնական փոփոխություն էր առաջ եկել նրա մեջ: Տիկինը հասկանալ չէր կարողանում: Նա միայն աչքերը խոնարհած, չէր համարձակվում նայել իր տիրոջ երեսին, զարմանում էր նրա խոնարհամտության վրա, տատանվում էր, և իր լեզվի բոլոր պերճախոսությամբ, մի բառ անգամ չէր գտնում նրան պատասխանելու:
— Զուբեյիդա, մի՜ զարմացիր, — ասաց նա ավելի մեղմ ձայնով և, նրա ձեռքը չթողնելով իր ափի միջից: — Մի՜ զարմացի՜ր, կրկնեց նա, — ինչպես ինձ չէ զարմացնում իմ դրությունը: Ես այսօր, այս գիշեր միայն հասկացա իմ թշվառությունը, հասկացա, թե ինչ ողորմելի արարած եմ ես: — Այս գիշեր, երբ թշնամին պատել է իմ շուրջը, երբ մահը կանգնած է իմ գլխի վրա, ես ինձ բոլորովին միայնակ և օգնության կարոտ եմ զգում, չնայելով, որ հազարները սուրը ձեռքում սպասում են իմ հրամանին: Ասա՜, Զուբեյիդա, այդ ի՞նչ դրություն է: Ի՞նչու ես ոչ ոքին հավատալ, ոչ ոքի վրա հույս դնել կարող չեմ: Ինչո՞ւ ես մենակ եմ մնացել:
— Դու միշտ մենակ ես եղել... — պատասխանեց կինը սառն կերպով: — Ես որ թույլ կտաս ինձ խոսել ճշմարիտը և արդարը, ես կասեմ քեզ բոլորը:
— Խոսի՜ր, մի՜ ծածկիր, ես եկել եմ քեզ լսելու. քո ամեն մի խոսքը առողջարար բալասանի նման կբուժե իմ սրտի վերքերը:
— Բայց կարող է և նշտարի նման ծակել...
— Թող ծակե, թող ավելի ևս վիրավորե: Բժշկի նշտարը առողջացնելու նպատակ ունի:
Տիկինը հրամայեց Փարիշանին, որ սուրճ մատուցանե, ղեյլան տա, հետո հեռանա: Աղախինը վեր առեց սուրճի արծաթյա ամանը կրակի վրայից, ածեց գեղեցիկ ֆինջանների մեջ, մոտեցրեց մեկը իր տիրոջը, մյուսը` տիկնոջը: Մինչև նրանց խմելը, նա պատրաստեց անուշահոտ թամբաքուից թանկագին ղեյլանը, դրեց խանի առջև, իսկ ինքը հեռացավ, իր ետևից կողպելով դուռը: Դուրս գալով մթին նախասենյակը, նա կծկվեցավ դռան ետևում, սկսեց ականջ դնել:
— Ես ասացի, թե դու միշտ մենակ ես եղել, — շարունակեց տիկինը ընդհատված խոսակցությունը: — Որովհետև բռնակալը իր երկրպագուների, իր պաշտողների, իր շողոքորթների անհուն բազմության մեջ դարձյալ միշտ մնում է մենակ: Նա ընկեր, բարեկամ, սրտակից, մտերիմ, — ոչ ոք չունի: Նա չէ զգում իր թշվառ միայնակությունը, որովհետև իշխանության փառքը սև մառախուղի նման ծածկում է նրա աչքերից այն, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ ուղիղ է, ինչ որ ավելի օգտավետ է: Նա ապրում է հարատև խաբեության մեջ և չէ նկատում, որ ամեն ինչ իր չորս կողմում կեղծ է, պատիր է, փտած է: Նա չէ զգում իր ոչնչությունը, որովհետև երբ հրամայում է, — ամեն ինչ կատարված է, և այդ պահում է նրան մշտական մոլորության մեջ: Կենդանի միտքը, առողջ դատողությունը անծանոթ է մնում նրան, նրա համար, որ ամեն մի իրավացի ընդդիմադրություն, ամեն մի խելացի հակաճառություն խորտակվում է նրա կոպիտ կամքի առջև: Նա միշտ այն կարծիքի մեջ է մնում, թե ինչ որ ցանկանում է ինքը, թե ինչ որ հաճո է իրան, — այն է լավը, արժանը, վայելուչը: Եվ եթե բախտի հաջողությունները այսպիսիներիին փոքր-ինչ շողոքորթում են, այն ժամանակ նրանք ավելի վայրենի են դառնում: Նրանք կարծում են, թե ամեն ինչ ստեղված է միմիայն իրանց վայելչության համար, և ինչ որ իրանց հաճելի չէ, և ինչ որ չէ ծառայում իրանց, կարող են ոչնչացնել: Նրանք իրանց միշտ անկարոտ են զգում, որովհետև միշտ սովորած են տեսնել իրանց շուրջը մի կեղծ պատրաստակամություն: Բայց խոնարհության մեջ անկեղծություն չկա, թեև ամեն ինչ խոնարհվում է նրանց առջև, որովհետև վերևից ճնշում կա: -Բայց երբ բարձրանում է մի փոթորիկ, երբ հասնում է վտանգը, երբ զարկում է սոսկալի տագնապի րոպեն, այն ժամանակ շողոքորթների, երկրպագուների, կեղծ բարեկամների անհուն բազմությունը սև ուրվականների նման չքանում են, անհետանում են և մեկն էլ չէ մնում, որ բռնե իր պաշտած մարդու ձեռքից: Այդ բավական չէ. — նրանք դառնում են ամենասարսափելի թշնամիներ...
— Բոլորը ճշմարիտ է... — ասաց խանը, հոգվոց հանելով: — Ես երբեք բարեկամ չեմ ունեցել, ես միշտ մենակ եմ եղել, թեև շրջապատված անթիվ կեղծավորներով: Բայց ինձ թող մխիթարե իմ տունը, իմ ընտանիքը, որ ինձ համար օտար չէ, որ ամենից մոտ է ինձ:
— Դու տուն ունես, բայց ընտանիք չունես, — պատասխանեց տիկինը խստությամբ: — Ընտանիքից ևս իզուր է քեզ մխիթարություն սպասել:
— Ե՞ս, ընտանիք չունե՞մ, — բացագանչեց նա գժվածի նման: — Ո՞վ ունի այնքան կնիկներ, որքան ես, ո՞վ ունի այնքան զավակներ, որքան ես: Մի գիշերվա մեջ յոթը որդիներ ծնվեցան ինձ համար:
— Ոչխարների հոտի մեջ մի գիշերում երբեմն ծնվում է հարյուրը, բայց հոտը ըտանիք չէ կազմում: — Լսի՜ր, խան, առաջ տարավ նա իր խոսքը. — ես սկզբից քեզանից խոստմունք առեցի, որ չպիտի բարկանաս ինձ վրա, երբ իմ բերանից կլսեես քեզ անսովոր, կծու խոսքեր:
— Ես չեմ բարկանա:
— Ուրեմն կշարունակեմ: Ես ասացի, որ դու ընտանիք ևս չունես, որ դու զուրկ ես և ընտանեկան մխիթարությունից, — այդ խոսքը քեզ զարմացնում է, քեզ օտարոտի է թվում: Դու մտածում ես. ինչպե՞ս կարող է մի մարդ զուրկ լինել ընտանիքից, որը հարուրավոր կնիկներ ունի, որը բազմաթիվ զավակների հայր է: Այդ բավական չէ: Ընտանիքի հիմքը սերն է: Կա՞ արդյոք սեր քո ընտանիքի մեջ: — Անկարելի է, որ ինի: Եթե քո կնիկները սեր են ցույց տալիս, այդ նրա համար է, որ կամ վախենում են քեզանից, կամ շողոքորթում են ավելի ընծաներ ստանալու համար: Մի՞թե դա միևնույն կեղծ հարաբերությունը չէ, որ դու ունես քո ծռաների, պաշտոնակալների ու հպատակների հետ, որոնք նույնպես խոնարհվում էին քեզ, շահերի կամ երկյուղի պատճառով: Ոչինչ զանազանություն չկա: Եթե դու քննելու լինես քո կնիկների ամեն մեկի սիրտը, փոխանակ սիրո, կգտնես նրանց մեջ խորին, դառն ատելություն դեպի քեզ: — Ինչո՞ւ: — Որովհետև նրանցից և ոչ մեկը իր հոժարությամբ չէ կապվել քեզ հետ. կամ գերի է բերվել, կամ իբրև ընծա է ստացվել, կամ փողով է գնվել: Եվ դու պահանջում ես դրանցից ճշմարիտ սեր, կարեկցություն, ցավակցություն, հավատարմություն և այն բոլոր գեղեցիկ հատկությունները, որ կարող է ունենալ լավ կինը: Դու իրավունք չունես պահանջելու, քանի որ դու ինքդ չես սիրում նրանց:
— Ե՞ս, չե՞մ սիրում, — գոչեց դժբախտ ամուսինը վրդովվելով: — Ի՞նչ որ ուզում ես, ասա՜, Զուբեյիդա, այդ հանդիմանությունը գոնե մի անիր ինձ: Ես սիրող սիրտ ունեմ:
— Քեզ այդպես թվում է միայն, որովհետև դեռ չես հասկացել սիրո ճշմարիտ նշանակությունը, — ասաց տիկինը, պահպանելով իր սառնասրտությունը: — Դու չես սիրում, դու միայն վայելում ես. իսկ այդ երկու բառերի մեջ ահագին տարբերություն կա: Դու վայելում ես քո կնիկների սերը, ինչպես վայելում ես քո մնացած հարստությունները: Քո հարեմը ամենագեղեցիկ կնիկների մի ճոխ ժողովածու է, մի անսպառ հարստություն է, ինչպես հարստություն պետք է համարել քո նժույգների երամակները, քո ոչխարների հոտերը, քո ամբարանոցների թանկագին մթերքները, — այդ բոլորը ծառայում է քո զվարճությունների համար:
— Մի՞թե կարելի է այսպիսի համեմատություն անել, — հարցրեց խանը վշտանալով:
— Համեմատությունը ճիշտ է: Զանազանությունը նրա մեջն է միայն, որ քո ձիաները, ոչխարները, և ամբարանոցների թանկագին մթերքները զգացմունք չունեն, գիտակցություն չունեն, և այդ պատճառով էլ չեն կարող հասկանալ, թե ինչպես են վարվում իրանց հետ, և, հետևաբար չեն կարող ունենալ դեպի քեզ ո՜չ սեր և ո՜չ ատելություն: Բայց քո կնիկները այդպես չեն. նրանք, որպես բանական արարածներ, զգացմունք ունեն, նրանք կարող են հասկանալ իրանց դրության անտանելիությունը:
Յոթն տարվա գերիի փակված լեզուն բաց էր եղել: Նա կամենում էր թափել իր սրտի բոլոր դառնությունները, բոլոր թույնը, բոլոր ցավերը, ինչ որ հավաքվել էին իր գերության յոթն տարիներին ընթացքում:
— Ինչ որ խոսում ես դու, — նրա խոսքը կտրեց խանը, — հակառակ է մուսուլմանների սովորություններին, հակառակ է մեր օրենքներին:
— Սերը ոչ մի օրենքի չէ հպատակում, — պատասխանեց տիկինը, — և ավելի մուսուլմանների օրենքին: Նա մարդու ազատ զբացմունքն է, ինչպես կրոնը:
— Դու գիտե՞ս, խան, — հարցրեց նա, — որ ես քրիստոնյայի աղջիկ էի, դու ինձ գերի վեր առեցիր իմ ծնողների տնից: Իմ հայրը շատ կարդացած մարդ էր, նա սովորել էր մեր ազգի բոլոր նշանավոր իմաստունների գրքերը: Նա սիրում էր ուսուցանել ինձ շատ բաներ, ինչ որ ինքը սովորել էր: Մեր երկրում իմ հորը մի անհավատ մարդ էին համարում, որովհետև նրա կարծիքները, նրա մտքերը տարբերվում էին հավատավոր մարդիկների կարծիքներից: Իմ մայրը մի ջերմեռանդ քրիստոնյա կին էր. նա էլ իր կողմից աշխատում էր կրթել ինձ քրիստոնեական բարեպաշտության մեջ: — Ուրեմն ինչո՞ւ ես զարմանում դու, որ իմ խոսքերը հակառակում են մուսուլմանների սովորություններին կամ նրանց օրենքներին: Ես այդպես եմ սովորել:
— Ուրեմն դու դեռ պահպանե՞լ ես քո քրիստոնեությունը, — հարցրեց խանը զայրացած կերպով:
Տիկինը մնաց շվարած, չգիտեր ինչ պատասխանել: Նա իր դատողությունների մեջ շատ հեռու գնաց, վիրավորեց խանի ոչ միայն անձնասիրությունը, այլև նրա կրոնական զգացմունքը: Այդ բավական չէր, նա մերկացրեց իրան: Այժմ մի կերպով պետք էր փարատել նրա տարակուսանքը:
— Ես, — պատասխանեց նա, — ճշմարիտն ասած, ինքս էլ չգիտեմ, թե ինչ կրոնքի եմ պատկանում: Բայց որովհետև մեր վիճաբանությունը ամուսնական սիրո վրա էր, շարունակենք դրա վրա խոսել:
Տիկնոջ անորոշ պատասխանը փոքր-ինչ հանգստացրեց խանին, նա ասաց.
— Խոսի՜ր:
— Ճշմարիտ սերը պետք է փոխադարձ լինի, — շարունակեց տիկինը: — Իսկ փոխադարձ սեր կարող է կայանալ միայն մի զույգի մեջ: Բայց երբ որ այրը ունի հարյուր կնիկներ, կամ կինը ունի հարյուր այրեր, այդ դեպքում ճշմարիտ սերը զրկվում է գոյություն ունենալուց:
— Ես կարող եմ հարյուր կնիկներ ունենալ և հարյուրին էլ սիրել, — ընդհատեց խանը, — այդ ուրիշ բան է, եթե նրանց մեջ կգտնվեն այնպիսիները, որ ինձ դուր չեն գալ:
— Դա անբնական է, — պատասխանեց տիկինը, — դու կարող ես սիրել հարյուր կնիկներ, այլ խոսքով ասելով, դու կարող ես վայելել ավելի քան հարյուր կնիկներ, բայց հարցը դրանումն է, արդյոք նրանք էլ կսիրե՞ն քեզ: Որովհետև քո սերը կատարյալ չի լինի, եթե փոխադարձապես նրանք էլ չսիրեն քեզ: — Ես ասեցի անբնական է, այն մտքով, որ դու, որքան էլ ցանկանայիր, չէիր կարող քո սերը, քո հոգին, քո սիրտը բաժանել հարյուր կնիկների վրա, որոնք կոչվում են քո ամուսիններ: Իսկ ամուսնական սերը մի անբաժանելի զբացմունք է. նա պետք է իր զուգակցին միայն պատկանի, երբ բաժանվեցավ և օտարների վրա, — նա մեռավ, այլևս գոյություն ունենալ չէ կարող: Այդ է պատճառը, որ այսօվա քո դժբախտության րոպեում քո բազմաթիվ կնիկներից և ոչ մեկը չկա, որ քեզ ցավակից լիներ: Որովհետև, նա, որ չէ բաժանել քո սերը, չէ կարող բաժանել և քո ցավերը:
— Հիմա տեսնում ես, որ դու ընտանիք չունես, — առաջ տարավ տիկինը: — Դու ունես միայն կնիկների մի խոշոր խումբ, որոնց պահում ես երկաթյա կապանքների մեջ, որոնք հպատակում են քեզ ամենայն խոնարհությամբ, որովհետև հակառակելու, ընդդիմանություն գործելու հնար չունեն: Բանտարկյալը կհնազանդվի իր բանտապետին, բայց նրան չի սիրի: Քո հարեմատունը քո կնիկների բանտն է. — դա ընտանիք չէ: Քո զավակները ծնվում են, մեռնում են, դու ամենևին տեղեկություն չունես: Դու գիտե՞ս, որ իմ աղջիկը արդեն չորս ամիս է, որ մեռած է, դու գիտե՞ս, որ իմ որդին այժմ մահամերձ հիվանդ է: Դու ոչինչ չգիտես, որովհետև ներքինապետը չէ հայտնել քեզ, մի գուցե քո ուրախության ժամերից մի քանի րոպե խլած լինի: Քո զավակները ծնվում են, մեծանում են որպես վայրենիներ: Նրանց դաստիարակում են Աֆրիկայի անապատներից բերված սևերը, որոնք գազաններից ոչինչով չեն զանազանվում: Նրանք հարկավոր դեպքում ոչ միայն իրավունք ունեն ծեծելու քո զավակներին, այլ ծեծում են և քո կնիկներին: — Եվ այդ բոլոր հրեշավոր խառնափնթորությունը դու կոչում ես ընտանիք...
— Քո կնիկները ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ մետաքսի, գոհարների և ոսկու մեջ պատած ստրուկներ: Ստրուկը կարող է կին լինել, բայց ամուսին լինել կարող չէ, քանի որ իր ստրկության մեջ կմնա: Նայիր ինձ վրա, նայիր այդ սենյակին, դու կարծում ես այդ բոլոր զարդարանքը, այդ բոլոր շքեղությունը քո սիրո համա՞ր է: Ամենևին: Ներքինապետը ինձ հրամայեց պատրաստվել և ես պատրաստվեցա: Իսկ եթե դու իմ սիրտը այս րոպեում քննելու լինես, նրա մեջ կգտնես դառնություն, ցավ, անբժշկելի վերքեր...
— Ինչո՞ւ, — հարցրեց խանը կատաղած կերպով: — Ուրեմն դու էլ ինձ չե՞ս սիրում:
Տիկինը իսկույն ուղղեց իր սխալը, ասելով.
— Նրա համար, որ ես արդեն քեզ ասեցի, որ երեխաս հիվանդ է: Մայրը չէ կարող տխուր, վշտացած չլինել հիվանդ զավակի անկողնի մոտ:
Դրսից թշնամու թնդանոթները, իսկ իր տան մեջ կնոջ խոսքերը, — երկուսն էլ միօրինակ ներգործություն էին անում բռնապետի սրտի վրա: Թշնամին ճնշված, հարստահարված հայ էր, իսկ կինը — հարեմի ստրուկ: Երկու համանման վիճակներ, որ չէին տարբերվում: Երկու ստրուկներն ևս ապստամբել էին բռնապետի դեմ: Բայց կնոջ խոսքերը ավելի ուժգին, ավելի խորտակիչ կերպով ազդում էին նրա սրտի վրա, քան թշնամու սարսափելի գնդակները բերդի հաստահիմն պարիսպների վրա: Ընտանեկան կռիվը ավելի սոսկալի էր, քան արտաքին պատերազմը: Կինը բողոքում էր բռնության դեմ:
— Ուրեմն ես ոչ մի տեղ մխիթարություն գտնել կարող չե՞մ, ուրեմն իմ ընտանիքս էլ ինձ հալածում է... — հարցրեց խանը խելագարվածի նման:
— Ոչ ոք մեղավոր չէ, — պատասխանեց տիկինը: — Դու ինքդ ես պատրաստել քեզ համար այդ վիճաը: — Քո տունը, քո օջախն անգամ բողոքում է քո դեմ...
— Իսկ ես այդ բողոքի թարգմանը կլինեմ... — ասաց իր մտքում Փարիշանը և հեռացավ սենյակի դռան ետևից, ուր թաք կացած, լսում էր նրանց խոսակցությունը:
ԻԱ
Փարիշանը հեռանալով տիկնոջ սենյակի դռնից, մտավ իր քնարանը. նա գտավ իր տիկնոջ երեխային հանգիստ քնած. այդ նրան մի առանձին ուրախություն պատճառեց: Նստեց նրա անկողնի մոտ, սկսեց կարեկցաբար նայել հիվանդի ջերմից շառագունած երեսին: Այժմ նոր զգաց, որ ինքը սաստիկ հոգնած է: Այս գիշեր որքան աշխատել էր նա, որքան վազվզել էր, որքան նեղություն էր կրել... Եթե նրա տեղ մի ուրիշը լիներ, իսկույն կհանվեր, կպառկեր և կհանգստանար: Բայց նա չքնեց. նստած, խորին ուշադրությամբ լսում էր, թե ինչ ձայներ էին գալիս դրսից: Դրսից այժմ ձայներ չէին լսվում, լսվում էր միայն սաստիկ քամու ձայնը, որ խլացնում էր իր մեջ բոլոր մյուս հնչյունները:
Կես ժամից հետո նա դուրս եկավ իր քնարանից, կրկին մոտեցավ տիկնոջ սենյակի դռանը: Ականջը տարավ դեպի դռան ճեղքը, ձայն չէր լսվում. նայեց ճեղքից, ճրագի լույս չէր երևում: Այստեղ, երևի, քնած էին: Նա շուռ եկավ, տեսավ ծերունի Ասադին, նախասենյակի մի անկյունում կծկված: Ոտքով զարկեց, զարթեցրեց նրան, ասելով.
— Քավթառ, այստեղ ի՞նչ քո քնելու տեղն է. դու խո իմանում ես, որ խանը տիկնոջ մոտ է. կորիր, մի այլ տեղում մրափիր:
Ծերունի ներքինին, չկամենալով «անզգամի» հետ մի ղալմաղալ սարքել և իր տիրոջ ու տիկնոջ քունը խանգարել, և, մանավանդ, հասկանալով իր սխալը, որ այն գիշեր անպատշաճ էր իրան քնել տիկնոջ դռան հանդեպ, — մրթմրթալով վեր կացավ և սղոցի թեփով լցրած իր բարձը ու վերարկուն վեր առեց, հեռացավ:
Աղախինը կրկին վերադարձավ իր քնարանը: Նրա դեմքը այժմ փայլուն էր ուրախությունից: Նա սկսեց մերկանալ իր հագուստը: Նրա սենյակում պահված էին շատ տեսակ հագուստներ, ամեն սեռի, ամեն դասակարգի մարդկանց համար: Դա հարեմական խորհրդավոր անհրաժեշտություններից մեկն էր: Ով որ ծանոթ է մահմեդական կանանոցների գաղտնիքներին, կհասկանա, թե որպիսի դեպքերում կարող էին ծառայել այդ հագուստները: Այդ հագուստներից նա ընտրեց ախոռատան սպասավորի հագուստը: Երբ հագնվեցավ, ժպտելով մոտեցավ հայելուն. «Այժմ սատանան ևս չէ կարող ճանաչել ինձ», — ասաց ուրախությամբ իր վրա նայելով: Երբ բոլորովին պատրաստ էր, մոտեցավ քնած երեխային, զգուշությամբ համբուրեց նրան, հետո ճրագը մարելով, դուրս գնաց:
Նա անցավ կանանոցի բակը: Գիշերային խավարը սարսափելի էր. մի քայլ հեռավորության վրա անկարելի էր մի բան որոշել: Իսկ քամին այժմ սկսել էր ավելի կատաղաբար փչել: Նա մի պտույտ գործեց բակի մեջ. բակը անապատի նման դատարկ էր: Ոչ ոք չկար, ոչ մի մարդկային ձայն չէր լսվում, ոչ մի լուսամուտից ճրագ չէր երևում. ամբողջ հարեմը ննջում էր խորին, խաղաղական քնի մեջ:
Նա մոտեցավ մի նեղ մուտքի, որ ոլոր-մոլոր սանդուղքներով տանում էր դեպի կտուրը: Սկսեց վեր բարձրանալ: Սանդուղքները վերջանում էին մի փոքրիկ տափարակով, որտեղ էր կտուրի դուռը: Այդ դռան վրա շատ ուշադրություն չէին դարձնում: Կանանոցի ամեն մի փոքր ի շատե նշանավոր աղախինը ուներ իր մոտ այդ դռան բանալին: Դա նրանց գաղտնի հարաբերությունների անցքն էր, երբ պետք էր մեկի հետ տեսնվել կտուրի վրա: Փարիշանը հանեց գրպանից մի բանալի, բաց արեց դուռը, անցավ կտուրի վրա և կրկին իր ետևից կողպեց նրան:
Следующая страница |